ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մետրոպոլիայի սինդրոմով վարակվածները մեր երկրում էլ են վխտում

Մետրոպոլիայի սինդրոմով վարակվածները մեր երկրում էլ են վխտում
26.06.2023 | 21:37

Աշխարհում նաֆթի պաշարներով ամենահարուստ երկիր Վենեսուելայում սննդի պայոկ ստացող քաղաքացուն լրագրողը հարց է տալիս. «Բա ինչու՞ եք այսպես աղքատ ապրում, դուք գո՞հ եք նախագահ Մադուրոյի աշխատանքից»։

«Խեղճ Մադուրոն ի՞նչ անի, սաղ էդ Ամերիկան ա։ Էս աշխարհաքաղաքական իրավիճակում սրանից լավ մենք չէինք կարող ապրել։ Գոհ եմ, որ սա էլ դեռ կա»։

Ամբողջ Լատինական Ամերիկայի մեծ մասը կարծում է, թե հենց Ամերիկան քանդվի, իրենք կսկսեն լավ ապրել։ Աֆրիկայի կեսը իրենց վատ ապրելու մեջ մեղադրում է Ֆրանսիային և կարծում է, թե հենց Ֆրանսիան քանդվի, իրենք կսկսեն լավ ապրել։

Այս բոլորին միավորում է երկու բան՝ նրանք բոլորը տառապում են մետրոպոլիայի սինդրոմով և իրենց ապագան չեն կապում սեփական նախաձեռնությունների ու գործողությունների հետ։

Ցավոք, մետրոպոլիայի սինդրոմով վարակվածները մեր երկրում էլ են վխտում։ Սպասում են՝ Ռուսաստանը քանդվի, որ իրենք փրկվեն։ Պատմական անալոգիաներ են բերում, թե իբր Ռուսաստանը երբ քանդվել է, մենք փրկվել ենք, ու երազում են հիմա էլ նման մի բան կրկնվի։

1917-ին, երբ Ռուսաստանը քանդվեց, ռազմաճակատը Բայազեթից հասավ Սարդարապատ։ Արանքում մորթվեցին կես միլիոնից ավելի հայեր, իսկ Ալեքսանդրապոլում հայ պատանի տղաների մոտ սիֆիլիսի համաճարակ սկսվեց։

Հարց է առաջանում՝ այս ամենից իրենք կոնկրետ ի՞նչն են ցանկանում կրկնել:

Պատմությունը կոնտեքստից կտրման ու կեղծման վրա կառուցվում է մի ամբողջ «գաղափարախոսություն»։ Բայց մաթեմաթիկայում կա օրենք՝ եթե աքսիոման կեղծ է, ապա ապացուցված բոլոր թեորեմները դառնում են կեղծ։

Մետրոպոլիայի այս սինդրոմով վարակվածներին խորհուրդ կտամ անել երկու բան. Առաջինը՝ դուրս գալ իրենց «գեղից» ու նկատել շրջապատող աշխարհը։ Օրինակ, եթե աֆրիկյան մամուլ կարդան, ապա իրենք իրենց հայելու մեջ կնկատեն։ Եվ երկրորդը՝ պատմությունը քարոզիչ-պրոպագանդիստներից լսելու փոխարեն իրենք սկսեն կարդալ։

Կա ընդամենը լավ ապրելու մեկ բանաձև՝ մենք ենք մեր հաջողությունների և, ամենակարևորը, անհաջողությունների պատասխանատուն ու գլխավոր մեղավորը։ Իսկ շրջապատող աշխարհն ընդամենը հանգամանք է։ Ինչպես կասեր մեծն Թումանյանը՝ մենք և գլխավորապես մենք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4189

Մեկնաբանություններ